Ինչ-որ մեկի մենությունը
թափառում էր գիշերային փողոցով:
Ինչ-որ քաղաքի անձրև
հոսում էր մենության անծանոթ դեմքով:
-Բոլոր մենությունները
նույն դեմքերն ունեն,-ասաց փողոցը:
-Ես ճանաչում եմ այդ դեմքերը,-
ասաց կավե արձանի մի ստվեր,
որը նախորդ կյանքում մենության,
անձրևի և գաղթական քամու հետ
թափառել էր գիշերային փողոցով:
Ինչ-որ փողոցի մենություն
իր կավե արձաններն էր որոնում
գիշերային քաղաքում:
-Ի՞նչ քաղաք, առանց մենավոր փողոցի,-
միալար մաղում էր գիշերային անձրևը,
որը նախորդ կյանքում գոլորշի էր եղել,
հայտնվել այնպիսի տեղում,
ուր կարող էր միայն քամին, օդը
և նորածին մանկան ձայնը հայտնվել:
-Ի՞նչ քաղաք, առանց մենավոր փողոցի,-
անձրևի հետ կրկնում էր նորածին մանկան ձայնը,
իսկ առավոտը հոսում էր գոլորշու միջով,
մանկան ձայնի հետ կաթում
մոլորված և անճանապարհ դաշտերի վրա:
Հանկարծ փողոցը հայտնվեց իր նախկին տեղում
և նորածին մանկան ձայնով ասաց.
-Գիտե՞ք, ես հեռանալիս տեսա
մոլորված դաշտի գարունը
և վերադարձա իմ նույն տեղը:
Բոլոր դեմքերը փակեց թանձր գոլորշին,
որը նախորդ կյանքում անձրև էր եղել:
Նորայր Գրիգորյան